



Արմինֆո. Հայաստանի տարածքում կլինի կամ ռուսական ռազմակայան, կամ՝ թուրքական, ընտրությունը ժողովրդին է: "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն այդպես է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի առարկում 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման դեմ"։
"Անտեր կմնանք։ Կամ էլ մեր տարածքում կլինի թուրքական ռազմակայան։ Ի վերջո, այնտեղ ինչ-որ ռազմակայան պետք է լինի։ Այն կլինի կամ ռուսական, կամ թուրքական՝ ընտրեք", - հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդը՝ սեպտեմբերի 11 - ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն բարձրացրել ռուսական 102-րդ ռազմակայանը երկրի տարածքից դուրս բերելու հարց, բայց, եթե ՌԴ-ն որոշի գնալ այդ քայլին, ապա Երևանը չի առարկի: Նա վստահեցրել էր, որ Հայաստանի իշխանությունները ռազմակայանի կենսական անհրաժեշտություն չեն տեսնում։ Այդ մասին նա հայտարարել էր՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ "հենց վաղը" Հայաստանից 102-րդ ռազմակայանը դուրս բերելու մասին խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարացվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թվականը:


