



Արմինֆո. Սեպտեմբերի 8-9-ը Մոսկվայում կայացել է ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական փուլը, որի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի դեպարտամենտի տնօրեն Մեհմեթ Սամսարին ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,, և խորհրդատվություններ են անցկացվել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ և չորրորդ վարչությունների ղեկավարության հետ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, բանակցությունների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, փոխգործակցությունը Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը: Ընդգծվել է դրսից ցանկացած նախաձեռնության ներդրման անթույլատրելիությունը, որոնք ԿԱ-ում և Հարավային Կովկասում կստեղծեն նոր բաժանարար գծեր։ Այդ համատեքստում կողմերն ընդգծել են "3+3" տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ռիթմիկ աշխատանքի շարունակմամբ շահագրգռվածությունը՝ որպես "տարածաշրջանային պատասխանատվության" սկզբունքի հիման վրա կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ:


