


Եվրասիական ինտեգրման էությունը Հայաստանի քաղաքացիներին պետք է ներկայացվի պարզ լեզվով, այլ ոչ թե` նեղ մասնագիտական տնտեսագիտական տերմիններով:
Դա Ռուսաստանը պետք է սովորի Արևմուտքից, որն իր արժեքներն առաջ է մղում նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք հակասում են արտաքին քաղաքական իրողություններին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Հայաստանը, որպես եվրասիական ինտեգրման մասնակից, պետք է որոշակի շահեր դրսևորի ԵԱՏՄ անդամությունից: Ցանկացած ինտեգրման արդյունքն ակնթարթային չի լինում, սակայն չափազանց կարևոր է նշել արդեն հաջողված և հստակ հեռանկար ունեցող ուղղությունները: Այդ լույսի ներքո, անկասկած, Հայաստանի նախագահի Մոսկվա այցի ընթացքում կքննարկվեն նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամության հարցեր», - նշել է նա:
Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մարտի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի մոսկովյան հանդիպման ընթացքում կքննարկվի համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում: Կքննարկվեն նաև ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
Մարկեդոնովը կարծում է, որ նախագահները կանդրադառնան նաև Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական և ներքաղաքական իրավիճակին` հայ հասարակության վրա Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ներգործության լույսի ներքո: Նրա գնահատմամբ, պակաս կարևոր չի լինի Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեի արդյունքների գործնական ձևակերպումը:
Վերլուծաբանի կարծիքով, առաջվա պես հարցականի տակ է նաև այն, թե Երևանին որքանով կհաջողվի վերահսկել առաջիկա փոփոխությունները և հնարավոր բողոքի զանգվածայի գործողությունները, այն, թե ինչ չափով դրանցում առկա կլինի ռուսական գործոնը: Մարկեդոնովի գնահատմամբ, Մոսկվայի համար առնվազն անհեռատես կլինի անտեսել նման հարցերը նոր ընտրաշրջանի նախաշեմին:



