
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցում է ուղարկել պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կալանավորված նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի ներկայացրած բողոքի վերաբերյալ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 2-ից Խաչատրյանի պաշտպանական թիմը ձգտում է նրան տեղափոխել բուժհաստատություն, սակայն մինչ օրս՝ ապարդյուն: "Նրան ոչ միայն հիվանդանոց չեն տեղափոխել, այլև որևէ պարզաբանում չկա Խաչատրյանի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ։ Անտեսվում է նաև Խաչատրյանի մոտ նրա բուժող բժշկի մուտքի վերաբերյալ մեր միջնորդությունը։ Մոտ մեկ շաբաթ սպասում ենք պատասխանի։ Հարց է առաջանում․ ո՞րն է պատճառը, որ բուժող բժշկին չեն ուզում թույլ տալ, որ գա քրեական հաստատություն և իր հիվանդի զննում անցկացնի։ Ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու է այդպես տեղի ունենում", - ուշադրություն է հրավիրել փաստաբանը։
Բացի այդ, ինչպես նշել է փաստաբանը, պաշտպանական կողմը նաև միջնորդել է, որ տարրական հարմարություններ ապահովվեն ՝ հաշվի առնելով Խաչատրյանի հաշմանդամությունը: "Բոլորը տեսել են, թե ինչպես են նրան տեղափոխում դատարան։ Նա մինչ օրս ոչ ցնցուղ ընդունելու, ոչ էլ զուգարանից օգտվելու հնարավորություն ունի։ Այդ բոլոր պայմանները հնարավոր չէ ապահովել կալանքի պայմաններում։ Եվ, չնայած այն բանին, որ նրան գոնե հաշմանդամի սայլակ են տրամադրել, Խաչատրյանը չի կարող նստել դրա վրա, նման հնարավորություն չկա", - նշել է Սարգսյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ փաստաբանի, իրենք այժմ բախվում են Խաչատրյանի կյանքին և առողջությանը սպառնաացող լուրջ վտանգի: "Այս պայմաններում լռելը ճիշտ չէ։ Այդ իսկ պատճառով մենք ավելի վաղ դիմել էինք ՄԻԵԴ, քանի որ գտնում ենք, որ այս գործում կան Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հատկանիշներ, որը վերաբերում է խոշտանգումների արգելմանը, այսինքն ՝ դաժան, անմարդկային վերաբերմունքին։ ՄԻԵԴ-ը համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանը։ Այլ մանրամասներ այս փուլում դեռ չեմ կարող ներկայացնել։ Կարող եմ միայն նշել, որ այժմ մենք հաղորդակցության փուլում ենք", - պատմել է Սարգսյանը։
Փաստաբանի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում, ի թիվս այլ բաների, կապված է Գագիկ Խաչատրյանի անվան հետ ։ "Անունները նման դեպքերում նշանակություն ունեն։ Այսինքն, եթե չլիներ Գագիկ Խաչատրյանի անուն-ազգանունը, ապա, կարծում եմ, տեղի ունեցածին ավելի լուրջ կվերաբերվեին։ Բայց մենք տեսնում ենք, թե որքան խախտումներ են թույլ տրվել այս գործընթացի շրջանակներում, սակայն մինչ օրս որևէ մեկը դրա համար որևէ պատիժ չի կրել", - ամփոփել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ փոփոխվել և լրացվել է ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ 2026 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հարուցված քրեական գործը և նախաձեռնվել է նոր հանրային քրեական հետապնդում: Խաչատրյանը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ ուժայինները խուզարկություններ են կատարել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում: Նշված գործողություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործերով քրեական վարույթի շրջանակներում: Սեպտեմբերի 2-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը ՝ 2 ամիս ժամկետով:
Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանները տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հիվանդ Խաչատրյանին բառացիորեն հանում անկողնուց, պառկեցնում պատգարակի վրա, որպեսզի նրան դատարան տանեն: Դատարանում նախկին նախարարին պառկեցրել են աթոռների վրա, ինչը փաստաբանների թիմի կողմից որակվել է որպես խոշտանգումների շարունակություն։