
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մոսկովյան հանդիպման ընթացքում կքննարկեն ռուս-թուրքական հակամարտությանը Երևանի հնարավոր միջամտության հարցերը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով, նկատվում է Հայաստանում ռուսական ներկայության մեծացում: Բացի այդ, փորձագետը գտնում է, որ Ռուսաստանի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի՝ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ՚ ռուսական պարբերականում հրապարակված հոդվածը պատահական չէ և մեսիջներ է պարունակում հայկական կողմի համար: ՙԱյդ հոդվածով ռուսական կողմը հասկացնում է, որ եթե Երևանը չհամաձայնի թատերաբեմ դառնալ Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների համար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միայնակ կմնա թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ՚,- նշել է նա: Փորձագետն ավելացրել է, որ բացահայտ սպառնալիք թուրքական կողմից չկա, սակայն, եթե Երևանը, այնուամենայնիվ, աջակցի Մոսկվային, Անկարան Բաքվի միջոցով լարվածություն կմտցնի ղարաբաղյան հարցում:
Փորձագետը գտնում է նաև, որ Մոսկվան որոշակի ժամկետներ է նախանշել իր համար: ՙԱմռանը գործընթացներ կսկսվեն Թուրքիայի դեմ, և Ռուսաստանը կփորձի մինչ այդ համոզել կամ ստիպել Հայաստանին գործել հօգուտ իր շահերի՚,- նշել է նա:
Նշենք, որ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Ռազմարդյունաբերական սուրհանդակում՚ հրապարակված «Ֆորպոստ` հարցերով՚ հոդվածում ներկայացրել է Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայման, ինչպես հայկական զինված
ուժերի, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի հաշվեկշռում գտնող զենքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև` մարտական գործողությունների դեպքում հայկական զորքերի ներուժի վերաբերյալ վերլուծություն: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկատվության համաձայն, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ: