



ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Լեհաստանի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար և ԱԳՆ գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ քննարկել է Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ ընդգծելով անմիջական շփումների և մասնագիտական փոխանակման ընդլայնման անհրաժեշտությունը։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության հարցերին։ Հայաստանի արտաքին գործերի
և միջազգային առևտրի նախարարության նոր լիազորությունների համատեքստում ընդգծվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։
Կողմերն ընդգծել են դիվանագիտական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության կարևորությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների դիվանագիտական ակադեմիաների միջև դիվանագիտական պատրաստության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։


