
ԱրմԻնֆո. Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին արձագանքել ավստրիական Die Furche թերթում հրապարակված նյութին, որում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը անվանվում է «Պուտինի պատրիարք»։
Նման կոչով նա հանդես է եկել իր Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում, որում պատմել է, որ այս հոդվածը հրապարակվել էր դեռևս հունիսին։ Մելիքյանի խոսքով՝ բացի այն, որ այս հոդվածը քաղաքական բնույթ ունի, այն նաև վիրավորում է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բոլոր հետևորդներին։ «Քանի որ ստացվում է, որ հայերի հոգևոր առաջնորդին քաղաքական նպատակներով ներկայացնում են այլ պետությունից կախված վիճակում։ Սա վիրավորում է առնվազն մի քանի միլիոն ՀԱԵ հետևորդների զգացմունքները։ Արժանապատվություն ունեցողները հասկանում են, որ սա ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոսի խնդիրն է, այլ մեր ընդհանուր խնդիրը։ Սա անձի հարց չէ՝ հաշվի առնելով, որ Եկեղեցին մեր ինքնության մասն է», - ուշադրություն է հրավիրել փաստաբանը։
Այս կապակցությամբ նա կոչ է արել հրատարակության էջում ներկայացնել իրենց դիրքորոշումն այս նյութի վերաբերյալ՝ հրապարակումներից մեկի տակ մեկնաբանություն թողնելով, առանց վիրավորանքների։ «Դրան պետք է հաջորդի համընդհանուր արձագանք, որից հետո հրատարակությունը ստիպված կլինի հեռացնել նյութն իր էջից և ներողություն խնդրել։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ եթե նրանք տեսնում են երկրի իշխանությունների նման վերաբերմունքը (Եկեղեցու նկատմամբ՝ խմբ.), դա դեռ չի նշանակում, որ այդ երկրի հասարակության շրջանում չկան արժանապատվություն ունեցող մարդիկ։ Մենք պետք է ցույց տանք, որ նման մարդիկ կան, և նրանք պատասխան են պահանջում», - հայտարարել է Մելիքյանը։
Ավելի վաղ փաստաբանը իր էջում նաև հրապարակել էր իր դիմումը ավստրիական հրատարակության խմբագիրներին։ Դրանում նա պատմել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հոդվածը գրել է ինչ-որ Սյուզան Գլասը։ Փաստաբանը հրատարակության ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ նյութի բովանդակությունը հակասում է լրագրության տարրական կանոններին, իսկ հոդվածի «Պուտինի պատրիարքը» վերնագիրն ընդհանրապես զրպարտչական և խորապես վիրավորական է, այդ թվում՝ իր համար՝ որպես ՀԱԵ հետևորդի։ «Ես վստահ եմ, որ իմ մոտեցումը կիսում են մեր Եկեղեցու բազմաթիվ այլ հետևորդներ։ Այս կապակցությամբ ցանկանում եմ արտահայտել իմ խոր վրդովմունքը և պահանջել ներողություն։ Հակառակ դեպքում դուք և հատկապես միսիս Գլասը մեր աչքում կվերածվեք սովորական «գեբելսյան ոճի քարոզչի»», - գրել էր փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականին, որն այդ պաշտոնում ընտրվում է ցմահ ժամկետով։ Այս արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականության ներկայացուցիչները, այնպես էլ Եկեղեցուն աջակցող քաղաքացիները։ Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ, նրա ելքը երկրից արգելված է։ Գործը հարուցվել է Արման Սարոյանին հոգևոր աստիճանից զրկելու հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը։ Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։ Օգոստոսի 7-ին դատավոր Հակոբ Մանուկյանը, որի նախագահությամբ պետք է տեղի ունենար Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստը, հայտնել է ինքնաբացարկի մասին։ Դրանից հետո գործը բաշխվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Սակայն օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դրանից հետո ևս մեկ դատավոր հրաժարվել է քննել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ գործը՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը, ինչի կապակցությամբ գործը կրկին ուղարկվել է դատավոր Սերժ Ռուշանյանի քննությանը։ Նիստը կշարունակվի սեպտեմբերի 18-ին։