



ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բարեկամ ժողովրդին Տաջիկստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ձեր ղեկավարությամբ իրականացված հետևողական քայլերը հսկայական նշանակություն ունեն Տաջիկստանի պետականության ամրապնդման, երկրի տնտեսական զարգացման և նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար։
Վստահ եմ, որ հայ և տաջիկ ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթները հետագայում ևս կնպաստեն երկու պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացմանը և կմիավորեն ջանքերը՝ ի նպաստ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման և տնտեսական, մշակութային-հումանիտար, գիտական ու կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարային ծրագրերով հարստացման։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև խաղաղություն և բարգավաճում Տաջիկստանի բարեկամ ժողովրդին»։


