


Ադրբեջանաինդոնեզական համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր, բավականին հետաքրքիր փուլ:
Ինչպես հաղորդում է news.az-ը, Ջակարտայում կայացել է Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպումն Ինդոնեզիայի փոխնախագահ Մուհամեդ Հաթթայի հետ: Ըստ ադրբեջնական ԶԼՄ-ների, հանդիպումն անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում: Ավելին, Ինդոնեզիայի փոխնախագահն, իբր, ընդգծել է, թե Ջակարտան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Առաջին հայացքից այս պաշտոնական տեղեկատվությունում ուշագրավ ոչինչ չկա` եթե չլիներ մի զարմանալի հանգամանք. Մուհամեդ Հաթթայը պայքարել է Ինդոնեզիայի անկախության համար, եղել է երկրի առաջին փոխնախագահը և այդ պաշտոնից հեռացել է 1955 թվականին, իսկ 1980 թվականին մահացել է: Ստացվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան իր նպատակներին հասնելու համար արդեն սկսել է օգտագործել մեռած հոգիներ:


