
Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի "Հայ ազգային կոնգրես" կուսակցությունում արձագանքել են այն մեղադրանքներին, թե իրենց կուսակցությունն ունի իրանամետ դիրքորոշում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Facebook-ի իր էջում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իրենց քաղաքական ուժի նկատմամբ նման մեղադրանքներ առաջին անգամ չեն հնչում ։
«Մեզ անվանել են արեւմտամետ, երբ հիմնադրում էինք անկախ պետությունը (1991-1997):
Մեզ անվանել են թուրքամետ, երբ վարում էինք Թուրքիայի հետ առանց նախապայմանների` հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը (1992-1994, 2009-2010):
Մեզ անվանել են Բաքվի ագենտներ և ադրբեջանամետ «քիրվայականներ», երբ փորձում էինք հաշտություն հաստատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման հիման վրա (1992-2020):
Մեզ անվանել են նարնջագույն արեւմտամետներ, երբ փորձում էինք Հայաստանում վերականգնել ժողովրդավարությունը (2007-2013):
Մեզ անվանել են եվրոպամետ, երբ անդամակցել ենք Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատական Ալյանսին և համագործակցել եվրոպական լիբերալ կուսակցությունների հետ (2010-2026)
Մեզ անվանել են ռուսամետ, երբ մենք փորձել ենք իրատեսական դիրքերից մերժել Ռուսաստանի դերի և ազդեցության անտեսումը անվտանգության և տնտեսության հարցերում (2013-2026):
Եվ ահա Հայաստանի աննախադեպ նիկոլական իշխանությունների ագիտպրոպը մի նոր` աննախադեպ մեղադրանք է նետում մեր հասցեին: Այլևս մենք իրանամետ ենք, որովհետև Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անկախության և կայուն զարգացման երաշխիք և առաջ քաշում Իրանի հետ ուղիղ կապող երկաթուղու կառուցման և ռազմավարական այլ ծրագրեր:
Սա անկախականի ճակատագիրն է Հայաստանում: Մեզ «ինչորմետության» մեջ անընդհատ փոփոխվող մեղադրանքներ են նետում նրանք, ում համար ստրկամտությունը և մեծ տերերին ծառայելը հոգեբանական կերտվածքի անբուժելի մաս է դարձել: Նրանք չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում կարող է մի ուժ լինել, որը առաջնորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով: Նրանց ուղեղում չի տեղավորվում անգամ, որ Հայաստանի նման փոքր երկրի քաղաքականության մեջ հնարավոր է չլինել որևէ տերության գործիքը:
Այ աննախադեպ ճղճիմներ, վաղը դուք նորից փոխելու եք մեղադրանքները, բայց երկու բան կայուն են մնալու` մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը», - գրել է Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ "Հայաստան - Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն" հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը սեպտեմբերի 1-ին Երեւանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հուշագրով կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ՝ նպաստելու երկկողմ համագործակցության խորացմանը կարծիքների փոխանակման, համատեղ սեմինարների և միջոցառումների անցկացման, երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի խորացման խրախուսման, ընդհանուր նպատակների իրականացման համար փորձի և տեղեկատվության փոխանակման շրջանակներում: