Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի՝ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» ռուսական պարբերականում հրապարակված հոդվածին, որը վերաբերում է ՀՀ ԶՈՒ սպառազինությանը և հայկական զորամասերի տեղակայմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հայաստանի ԶՈՒ զորամասերի տեղակայման վերաբերյալ հոդվածում նշված բազմաթիվ տվյալներ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Խրոմչիխինը, որպես փորձագետ, չի տիրապետում ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը: Ընդ որում նա չի հերքել, որ հրապարակված տվյալները մասամբ ծառայողական գաղտնիք են, և դրանց հրապարակումն անընդունելի է:
Ընդ որում Հովհաննիսյանը նշել է, որ 102-րդ ռուսական ռազմակայաանի սպառազինության վերաբերյալ տվյալների տրամադրումն անընդունելի է և ինչ-որ չափով ոչ միանշանակ` ռուս-թուրքական դիմակայության լույսի ներքո:
Ռազմական փորձագետ Վարդգես Ալոյանն, իր հերթին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով տվյալ տեղեկատվությանը, նշել է, որ նմանօրինակ հրապարակումները հարված են Հայաստանի թիկունքին` բարեկամ Ռուսաստանի կողմից: «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների լույսի ներքո նման հրապարակումները, հատկապես, ռուսական փորձագետի կողմից, պարզապես, անընդունելի են: Եվ դա այն դեպքում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները փլուզման եզրին են, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը փորձում են դիմակայել թուրքական հնարավոր սպառնալիքներին», - նշել է ռազմական փորձագետը:
Նշենք, որ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը «Ռազմարդյունաբերական սուրհանդակում» հրապարակված «Ֆորպոստ` հարցերով» հոդվածում ներկայացրել է Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայման, ինչպես հայկական զինված ուժերի, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմակայանի հաշվեկշռում գտնող զենքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև` մարտական գործողությունների դեպքում հայկական զորքերի ներուժի վերաբերյալ վերլուծություն: