
ԱրմԻնֆո. Հայաստանի պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը քննադատել է զորամասերում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախաձեռնած անսպասելի ստուգումների բնույթը ՝ դրանք որակելով ձևական։
«Վերջին շրջանում Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ֆոնին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարբերաբար անսպասելի այցեր է իրականացնում իրեն վստահված գերատեսչության զորամասեր՝ դրանք տեսանկարահանելով և տեսանյութերը հրապարակելով իր սոցիալական էջերում։
Սակայն հրապարակված տեսանյութերից առնվազն մեկում ակնհայտորեն երևում է մի ուշագրավ հանգամանք․ նախարարի աչքի առջև տեղի է ունենում դաշտային համազգեստի կրման սահմանված կարգի խախտում՝ իրեն ուղեկցող զորամասի հրամանատարության ներկայացուցիչների կողմից։
Ու հարց է առաջանում՝ նախարարը դա չի՞ տեսնում, թե՞ պարզապես չի ցանկանում տեսնել։
Առավել զարմանալի է, որ այդ դրվագը կարծես թե չի նկատել նաև տեսանկարահանողը։ Տպավորություն է ստեղծվում, որ տեսանկարահանողները կամ իրենք էլ տեղյակ չեն զինվորական համազգեստի կրման սահմանված կարգից, կամ տեսանյութը պատրաստելիս պարզապես չեն ցանկացել այդ դրվագը ներկայացնել։ Հակառակ դեպքում այն կարելի էր տեսանկարահանել այլ ռակուրսից կամ պարզապես չներառել վերջնական տեսանյութում։
Մինչդեռ զինված ուժերում կարգապահությունը սկսվում է հենց նման, առաջին հայացքից «մանրուք» թվացող պահանջների պահպանումից։ Յուրաքանչյուր խախտում, կախված դրա բնույթից, կարող է առաջացնել կարգապահական, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պատասխանատվություն։
Խնդիրը ոչ միայն տվյալ խախտումն է, այլև դրա նկատմամբ վերաբերմունքը։ Խախտումը չնկատելը, չարձագանքելը կամ անտեսելը չի ամրապնդում կարգապահությունը։ Ընդհակառակը՝ այն կարող է ձևավորել անպատժելիության մթնոլորտ, իսկ անպատժելիությունն, ինչպես բազմիցս ապացուցվել է, վաղ թե ուշ հանգեցնում է ավելի ծանր հետևանքների։
Ուստի այս փոքրիկ, բայց խոսուն օրինակը բավարար հիմք է հարցնելու՝ որքանո՞վ են արդյունավետ պաշտպանության նախարարի կողմից իրականացվող այդ «անսպասելի ստուգումները», եթե նախարարի ներկայությամբ անգամ տեսանելի խախտումները մնում են առանց արձագանքի։
Հ.Գ.Գուցե անհրաժեշտ է ոչ թե պարզապես տեսախցիկով արձանագրել այցը, այլ տեսնել այն, ինչ տեղի է ունենում տեսախցիկի առջև, և դրան համապատասխան հետևություններ անել», - ասվում է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության հայտարարությունում։