
ԱրմԻնֆո. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կունմինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ժունցյուի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրակարգի առանցքային հարցերը։
Ինչպես նշել են Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունում, հանդիպումն առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ, քանի որ հենց Կունմինից սկսվեց կենսաբազմազանության ոլորտում Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի ձևավորման ճանապարհը, իսկ Երևանում՝ COP17-ի շրջանակում, տեղի կունենա դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ գնահատումը։ Այդ կապակցությամբ Մաթևոսյանն ու Ժունցյուն քննարկել են «Կունմինյան երկխոսության» արդյունքները և դրա ներդրումը COP17-ի գործընթացում, ինչպես նաև Կունմինից Երևան քաղաքական շարունակականության ապահովման կարևորությունը։
«Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընդգծել է, որ առաջին գլոբալ գնահատումը պետք է ոչ միայն արձանագրի ձեռք բերված արդյունքներն ու առկա բացերը, այլև հստակ ազդակ հաղորդի մինչև 2030 թվականը գործողությունների արագացման և ընդունված պարտավորությունները չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտության մասին»,- նշել են նախարարությունում։
Կողմերը քննարկել են նաև COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանման միջոցառումների ֆինանսավորման և իրականացման միջոցները, մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմները, էկոհամակարգերի վերականգնումը, պահպանվող տարածքները և միջազգային համագործակցության ամրապնդումը։ Մասնավորապես, Մաթևոսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջատար դերը կենսաբազմազանության ոլորտում գլոբալ օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև COP15-ի նախագահ եղած՝ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի անձնական ներդրումը Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի ընդունման գործում։
Հանդիպման ընթացքում, ըստ գերատեսչության, քննարկվել է նաև Կունմինյան կենսաբազմազանության հիմնադրամի շրջանակում Հայաստանի ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Այդ կապակցությամբ Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից մշակված ծրագրային առաջարկը, որն ուղղված է Սևանա լճի և լեռնային ջրային էկոհամակարգերի վերականգնմանը։
Հանդիպման ավարտին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին, ինչպես նաև բարձր մակարդակի հատվածին՝ ներկայացնելով «Կունմինյան երկխոսության» հիմնական արդյունքները և առանցքային ուղերձները։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիում անցկացվող Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը ընտրվեց որպես Կողմերի 17-րդ համաժողովն ընդունող երկիր։ COP-17 համաժողովը Երևանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը։
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան երեք առանցքային միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որն ուղղված է էկոլոգիական կայունության ապահովման, կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը։ Կոնվենցիայի կողմերի համաժողովները խոշորագույն գլոբալ բնապահպանական միջոցառումներից են, որոնք անցկացվում են երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են Կոնվենցիայի դրույթների իրականացման մեխանիզմներ ու նոր պարտավորություններ են ստանձնում բնական ռեսուրսների պաշտպանության ուժեղացման համար։