
ԱրմԻնֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ բարձրացրել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը։ Լսումների թեման էր «Կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսների և մատակարարման շղթաների անվտանգության ապահովման ռազմավարական գործընկերությունը»։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Քերին իր ելույթը սկսել է՝ հիշատակելով Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կարգավիճակը, ապա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակվող՝ հայերի պահման հարցին։
"Ադրբեջանը պահում է հայ պատանդների, որոնց թվում է Արցախի ընտրված ղեկավարությունը՝ տարածաշրջանում իրականացված ցեղասպանական էթնիկ զտումներից հետո։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բյուջեի և հարկման հարցերի հանձնաժողովը վերահսկում է ԱՄՆ առևտրային քաղաքականությունը, և Քերին պաշտոնապես բարձրաձայնեց Բաքվի գործողությունները՝ կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսներին և մատակարարման շղթաներին նվիրված լսումների ժամանակ",- ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ։
Այս առնչությամբ ANCA-ն շնորհակալություն է հայտնել Քերիին պատանդների հարցը բարձրացնելու համար և կրկին կոչ արել Կոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող բոլոր հայ պատանդներին ազատ արձակելու նպատակով։
Նշենք, որ մինչ այժմ հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարին կեղծ մեղադրանքներով Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Արցախի մյուս բնակիչներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։