
ԱրմԻնֆո. Ադրբեջանական կողմը բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, սպառնում է ձերբակալությամբ, եթե նա կանանց հումանիտար առաքելությամբ այցելի Բաքու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Մասնավորապես, փորձագետի խոսքով, արդեն երկար ժամանակ ադրբեջանական կողմը տարբեր լրատվամիջոցների միջոցով դժգոհություն է արտահայտում Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու այցելելու և այնտեղ հայ գերիների հետ հանդիպելու հումանիտար նախաձեռնության կապակցությամբ։ "Բայց այժմ նրանք ավելի հեռուն են գնացել։ Մի քանի օր առաջ ադրբեջանական "Unikal.az" կայքում հրապարակվել էր հոդված, որում Վարդանյանի կնոջն արդեն սպառնում էին ձերբակալությամբ. "Վարդանյանի կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ Ղարաբաղ ապօրինի մուտք գործելու համար"։ "Այն փաստը, որ նա ցանկացել է գալ Ադրբեջան և հանդիպել իր ամուսնու հետ, նոր իրավական և քաղաքական հարց է առաջացնում։ Եթե Զոնաբենդը մուտք գործի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր ապօրինի այցի համար", - մեջբերում է ադրբեջանական հոդվածից մի հատված Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա ակնհայտ սպառնալիք է՝ ուղղված Վարդանյանի կնոջը, որի միջոցով փորձում են կանխել նրա հնարավոր այցը և հանդիպումն ամուսնու հետ։ "Այս հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բուն թեման և, ընդհանուր առմամբ, հայ գերիների հետ կապված գործընթացները խնդրահարույց են Բաքվի համար։ Նրանց գլխավոր նպատակն է հասնել նրան, որ այս հարցը մոռացության մատնվի։ Մինչդեռ գերիների ազատ արձակման համար կենսականորեն կարևոր է հենց այս հարցի քննարկումը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ընդհանուր առմամբ անհեթեթ է, որ Վաշինգտոնյան հանդիպումից մեկ տարի անց այս մարդիկ դեռ շարունակում են գտնվել Բաքվում։ Չէ՞ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր զբաղվել այս հարցով։ Այդպես էլ անհասկանալի մնաց՝ նա իսկապես զբաղվե՞ց դրանով, բայց հաջողության չհասա՞վ, թե՞ այս թեման ընդհանրապես մոռացության մատնվեց", - ամփոփել է Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել էր Հայաստանին և Ադրբեջանին, այդ թվում՝ Ադրբեջանի օմբուդսմանին և Հայաստանի վարչապետին՝ կոչ անելով աջակցել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին այցելելու նպատակով կանանց հումանիտար առաքելության կազմակերպմանը։ Բացի այդ, սեպտեմբերի 4-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս հստակ դիրքորոշում չի ներկայացրել այն մասին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությունը կարող է պետական աջակցություն ստանալ։ Սեպտեմբերի 8-ին, որևէ արձագանք չստանալով, Զոնաբենդը կոչ էր արել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին իրեն հետը տանել Բաքու, եթե նման այց նախատեսվում է։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը մի քանի հարյուր է։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ։ Դրանք Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն են, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարին, շինծու մեղադրանքներով, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։