
Արմինֆո. Հայաստանի մայրաքաղաքի ճանապարհներին տրանսպորտային խցանումների լուծման հարցում իշխանությունների անգործությունը կհանգեցնի Երևանում տրանսպորտային կոլապսի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով։ Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների և շրջանցիկ նոր ճանապարհների կառուցում։
Ակնհայտ էր, և մենք այդ մասին զգուշացնում էինք, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումը չի կանխելու խցանումները։ Դրա փոխարեն առաջարկում էինք կառուցել ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ, սակայն քաղաքային իշխանություններն այս առաջարկներին ևս ականջալուր չեղան։
Խցանումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների, որոնք կիրականացնեն երթևեկության համապարփակ մոնիթորինգ, կվերլուծեն առկա խնդիրները և կմշակեն երկարաժամկետ լուծումներ։
Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խցանումների հարցը կարգավորելու պատրվակով բարձր աշխատավարձով աշխատանքի են ընդունվում այս իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։
Կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ կտիրի Երևանի փողոցներում ձյան տեղումների պարագայում։
Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում են» խցանումների խնդիրը։
Մինչդեռ, օր օրի այս հարցը վերածվում է գերխնդրի՝ խլելով մեր քաղաքացիների թանկ ժամանակը, բորբոքելով նյարդերը։ Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ, և չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի» - գրել է Դաանիելյանը։
Նշենք, որ դեռևս 2025 թվականի նոյեմբերի 27-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրները լուծելու համար Հայաստանում կստեղծվի երկու աշխատանքային խումբ։ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ստեղծվել է ճանապարհային երթևեկությունը և խցանումների հաղթահարումը կարգավորող միջգերատեսչական հանձնաժողով: Ընդ որում, այն պայմաններում, երբ Երեւանի քաղաքապետարանում արդեն գործում էր մի կառույց, որը պետք է լուծեր այդ հարցը։ Այդ ժամանակ էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում խցանումների խնդիրը կլուծվի հասարակական տրանսպորտի որակի բարելավման հաշվին։ Մասնավորապես, Երևանի մետրոյի արդիականացման ծրագրի իրականացման հաշվին, որի շրջանակներում պետք է կառուցվեր նոր "Աջափնյակ" կայարանը։ Սակայն մինչ օրս մետրոյի ոչ մի նոր կայարան չի կառուցվել, չի վերականգնվել մետրոպոլիտենի նախկինում լրջորեն խաթարված աշխատանքային գրաֆիկը, որը հին իշխանությունների օրոք ժամացույցի պես էր աշխատում ։ Ավելին, չի բարելավվել նաև այլ հասարակական տրանսպորտի հարցը, իսկ մայրաքաղաքի պաշտոնյաների մշակած ճանապարհային երթևեկության նոր կարգավորումները քաղաքը մղում են ավելի մեծ խցանումների։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ մայրաքաղաքի ճանապարհների կեսը փորվել է այստեղ-այնտեղ կառուցվող բարձրահարկերի ֆոնին, որոնց համար անհրաժեշտ է ենթակառուցվածքների իրականացում։ Արդյունքում ՝ քաղաքը հայտնվել է տրանսպորտային կոլապսի մեջ։ Այժմ Երևանում խցանումներ են դիտվում ոչ միայն պիկ ժամերին։