
Արմինֆո. Ռիգա այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:
Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարար Միրզոյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և ընդհանուր արտադրական շղթան, այդ թվում՝ բալթյան երկրներում էներգետիկ համակարգի զարգացման հարցում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։ Ընդգծվել է, որ «Bovo GAS»-ը Լատվիայում 2024թ. մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։
Նշվել է, որ նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է՝ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառելով հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն:
Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։
BOVO GAS-ը բիոգազի մաքրման կայան է, որը նախագծվել և կառուցվել է SEP ընկերության կողմից՝ SIA EGG ENERGY բիոգազի կայանքի արդիականացման նախագծի հետ համագործակցությամբ: BOVO GAS կայանն արդեն մաքրում է EGG ENERGY-ի արտադրած բիոգազը մինչեւ բիոմեթան։ Ճնշման փոփոխությամբ ադսորբցիայի ինտեգրված տեխնոլոգիան (PSA)՝ ժամում մինչեւ 1200 խմ բիոմեթան արտադրողունակությամբ, անջատում է բիոգազում պարունակվող CO-ն: Ստացված բիոմեթանը սեղմվում է մինչեւ բնական գազի տեղական ցանցի ճնշում՝ 17 բար, և մտնում է անալիզատոր' գազի քրոմատոգրաֆ, որը ստուգում է դրա կազմը և մաքրությունը: Արտադրության տեխնոլոգիան ապահովում է բիոմեթանի ամենաբարձր որակը ' պահուստով, որը թեստավորումից հետո մատակարարվում է GASO բնական գազի ցանցին: