



ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 6-ին կայացած արևելագերմանական Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի լանդթագի (երկրամասի խորհրդարանի) ընտրություններում, ըստ նախնական պաշտոնական արդյունքների, համոզիչ հաղթանակ է տարել "Այլընտրանք Գերմանիայի համար" (ԱԳՀ) կուսակցությունը։
Ինչպես հայտնում է DW-ն, բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքների հրապարակումից հետո, որը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 7-ի գիշերը, այն հավաքել է ձայների 43,8%-ը։ Այս կուսակցության թեկնածուն երկրամասի վարչապետի պաշտոնում 35-ամյա Ուլրիխ Զիգմունդն է (Ulrich Siegmund)։ ԱԳՀ-ի նախագահ Տինո Խրուպալլան (Tino Chrupalla) արդեն հայտարարել է, որ Զիգմունդն իր թեկնածությունն առաջադրելու է այդ պաշտոնում։
Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի անդամ է երկրամասի գործող վարչապետ Սվեն Շուլցեն (Sven Schulze), հավաքել է 17,2%՝ գրեթե երկու անգամ պակաս, քան նախորդ ընտրություններում։ Ձախերի կուսակցությունը՝ 8,6%, "Միություն 90"/"Կանաչները"՝ 8,9%, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ 9,3%։ Լանդթագ է անցել նաև Սառա Վագենկնեխտի միությունը (ՍՎՄ)՝ 5,3% արդյունքով։ Հենց այս քաղաքական ուժի հետ ԱԳՀ-ն կարող է կոալիցիա կազմել։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) և մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,8%։
«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ / AfD) — Գերմանիայի աջակողմյան և եվրոսկեպտիկ քաղաքական կուսակցությունն է, որը հիմնադրվել է 2013 թվականին։ Այդ ընթացքում այն մարգինալ՝ եվրոյի արժույթի դեմ հանդես եկող տնտեսագետների շարժումից վերածվել է երկրի ամենահզոր քաղաքական ուժի։ Կուսակցությունը կոշտ քննադատության է ենթարկում ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունը, պահանջում է արմատապես սահմանափակել ներգաղթը, վերադառնալ ազգային արժույթին և փակել սահմանները։ ԱԳՀ-ն հայտնի է ՆԱՏՕ-ի նկատմամբ իր թերահավատությամբ և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնելու կոչերով (այդ թվում՝ պատժամիջոցները չեղարկելու և գազի մատակարարումները վերսկսելու պահանջով)։


