



Արմինֆո.Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է հանրային լայն արձագանք ստացած՝ Հովհաննավանքում կատարված զազրելի իրողությունը:
Վանական համալիրի տարածքն օգտագործել, որպես խնջույքի կազմակերպման վայր սրբապղծություն է, նվիրական սրբությունների հանդեպ անարգանք: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ Առաքելական Եեկեղեցու Արագածոտնի թեմի մամլո դիվանը' արձագանքելով Հովհաննավանքի տարածքում տեղի ունեցած խնջույքի կադրերին, որոնք նախօրեին տարածվել էին սոցիալական ցանցերում։
«Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից տևական ժամանակ արգելված է եկեղեցիների և վանական համալիրների անմիջապես բակում կազմակերպել նման միջոցառումներ:
Շուրջ մեկ տարի Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից և տեղի են ունենում ոչ կանոնական, անվավեր «խորհրդակատարություններ», որոնց ցավոք մասնակից են դառնում անտեղյակ հավատացյալներ։
Կոչ ենք ուղղում պատկան պետական մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Հարկ ենք համարում նաև զգուշացնել նման միջոցառումների տուրք գնացող կազմակերպիչներին և մասնակիցներին, որ նման երևույթները խաթարում են Աստվածպաշտական արարողության վեհությունը հավատացելոց կյանքում և զրկում են Աստծո օրհնությունից», - ասվում է հայտարարությունում:
Նախօրեին սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվել են Հովհաննավանքի եկեղեցու տարածքում տեղի ունեցած խնջույքի կադրեր։ Քաղաքացիներին զայրացրել է տաճարի պատերի մոտ հնչող երաժշտության երգացանկը ՝ շանսոն և գողական երգեր։


