
Արմինֆո. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը։ Այդ մասին ասվում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
«Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։
Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը», - ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Նախօրեին սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվել են Հովհաննավանքի եկեղեցու տարածքում տեղի ունեցած խնջույքի կադրեր։ Քաղաքացիներին զայրացրել է տաճարի պատերի մոտ հնչող երաժշտության երգացանկը ՝ շանսոն և գողական երգեր։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանագրով հայր Արամ Ասատրյանը կարգաալույծ էր հռչակվել, իմչի համար հիմք էին ծառայել հանձնաժողովի եզրակացությունները և Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը, որտեղ նշվում էր, որ Ասատրյանն իր հրապարակային հայտարարություններով վարկաբեկել է եկեղեցին և հոգևորականներին: Դրանից հետո Ասատրյանը բացահայտ հայտարարել էր, որ աջակցում է հոգևոր կառույցներին քննադատող կառավարության քաղաքականությանը ։ Ընդ որում, Ասատրյանը շարունակել է մնալ եկեղեցում և անօրինական եկեղեցական ծեսեր կատարել։
Հավելենք, որ հենց Ասատրյանի դիմումի համաձայն են կալանավորվել ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը և Արագածոտն մարզի Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահայր Հայր Գարեգին Արսենյանը: