



Արմինֆո. Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ հանդիպման ժամանակ։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։
Նշելով, որ ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ, երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։
Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Չեխիայից Հայաստան է այցելել 3 917 զբոսաշրջիկ, ինչը 65,8 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։
Առևտրի փոխադարձ ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 22.6% - ով՝ կազմելով 28.6 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 49%-ով՝ մինչև 3.2 մլն դոլար՝ ներմուծման 19.9% աճի ֆոնին՝ մինչև 25.4 մլն դոլար:


