
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին, ով Նորին սրբությանը փոխանցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը Հայոց Եկեղեցուն։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Նորին սրբազնությունը անդրադարձ է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
Այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու աղոթքներն է բերել Միտրոպոլիտ Անտոնիի գլխավորած պատվիրակությանը։ «Նորին Սրբությունը մասնավոր իր երախտագիտությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ ամուր և հաստատուն լինի այդ եղբայրությունը և ծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա կապերի զորացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվեց, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին՝ մաղթելով քաջառողջություն և գահակալության երկար ու արդյունավոր տարիներ՝ ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր իր հոտի», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակմանն առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։ Օգոստոսի 7-ին դատավոր Հակոբ Մանուկյանը, ում նախագահությամբ պետք է տեղի ունենար Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստը, ինքնաբացարկ հայտնեց: Դրանից հետո գործը մակագրվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին։ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատական նիստը տեղի ունեցավ 2026 թվականի օգոստոսի 28-ին Էջմիածնի դատարանի Վաղարշապատի նստավայրում: Այդ նիստի ընթացքում դատավորը որոշեց Ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը վերահասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: 2026 թվականի սեպտեմբերի 3-ին ևս մեկ դատավոր՝ Վահագն Մելիքյանը, հրաժարվեց քննել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ գործը: