


Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայերին վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի: Այդ մասին հաղորդել է Demokrathaber.net-ը:
Փետրվարի 27-ին Բինգյոլնում ելույթի ժամանակ Դավութօղլուն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» մեղադրել էր այն բանի համար, որ նա «հայկական հրոսակախմբերի նման համագործակցում է ռուսների հետ»: Մարտի 3-ին այդ խոսքերը կրկնել էր Աշքալեի քաղաքապետ Բաշարանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելով, թե իրենց «փառապանծ նախնիներն այդ հողերը մաքրել են հայերից»:
Նախքան դատարան հայց ներկայացնելը, իրավապաշտպանները հայտարարություն են հրապարակել, որում ընդգծել են, որ ամիսներ շարունակ թուրքական զինուժի գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում ուղեկցվում են հայերի դեմ ռասիստական քայլերով: Օրինակ, հարկատուների միջոցներով գնված զրահամեքենաները շրջում են փողոցներով` հայտարարելով. «Բոլորդ հայ եք, բոլորդ հայ վիժվածքներ եք»:
«Հայերի դեմ ցեղասպանություն է իրագործվել, նրանց հարստությունը բռնագրավվել է, հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվել է: Կարծես այս ամենը բավական չէ, հնարավոր ամեն ինչ արվում է, մնացած մի բուռ հայերին նվաստացնելու, նրանց կյանքը սպառնալիքի ենթարկելու նպատակով: Այս ամենը պատմության գիրկը կանցնի որպես մարդկության դեմ հանցագործություն: Գալիք սերունդներն էլ ձեզ դրանով կհիշեն: Քսենոֆոբիան Թուրքիայում վարվում և խրախուսվում է ամենաբարձր մակարդակով: Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր մինչև վերջ հանդես կգան ընդդեմ այս ոճրագործության»,- նշել են իրավապաշտպանները:



