
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս հստակ դիրքորոշում չի ներկայացրել այն մասին, թե արդյոք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ հայ ռազմագերիներին այցելելու համար Բաքու կանանց մարդասիրական առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը կարող է ստանալ պետական աջակցություն։ Այդ մասին սեպտեմբերի 4-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ինչպես հիշեցրել է իրավապաշտպանը, Վերոնիկա Զոնաբենդը մտադիր է գլխավորել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը՝ Ադրբեջան մեկնելու համար, որպեսզի տեսնի հայ ռազմագերիներին և որոշ բաներ փոխանցի նրանց, ինչպես նաև ապահովի այն իրավունքները, որոնցից նրանք զրկված են անազատության մեջ: "Մենք խնդրել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հստակ դիրքորոշում ներկայացնի, թե արդյոք նման նախաձեռնությունը կարող է պետական աջակցություն ստանալ։ Մասնավորապես, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունը համաձայնեցնել ադրբեջանական կողմի հետ նման այցը, հաշվի առնելով, որ այս պայմաններում դա չի կարող մասնավոր նախաձեռնություն լինել, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պետք է տրամադրեն նաև մուտքի արտոնագիր: Իսկ հաշվի առնելով նաև անվտանգության հարցը և այն փաստը, որ առանց իշխանությունների համաձայնության Ադրբեջանում փակ հաստատություններ այցելելն անհնար է, ապա ֆիզիկապես հասնել այնտեղ, որտեղ պահվում են հայ գերիները, պարզապես, անհնար կլինի", - նշել է Սահակյանը։
Նա հաղորդել է, որ Հայաստանի իշխանություններից առայժմ պաշտոնական պատասխան չեն ստացել, և հարցը գտնվում է քննարկման փուլում: "Ակնկալում ենք, որ կարճ ժամանակում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ", - ամփոփել է Սահակյանը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կրկին դիմել էր Ադրբեջանի մարդու Իրավունքների պաշտպանին և ՀՀ վարչապետին ՝ կոչ անելով աջակցել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին այցելելու համար կանանց մարդասիրական առաքելության կազմակերպմանը: