


Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ միջև քաղաքական համագործակցության համաձայնագիրը միանշանակ կշարունակվի մինչև 2017 թվականը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, 125-ամյա գործունեության ընթացքում ՀՅԴ-ն ապացուցել է, որ ազգային ուժ է, որը հանդես է գալիս հայ ժողովրդի շահերի օգտին: ՙԵս բարձր եմ գնահատում այն փաստը, որ երկու ազգային ուժեր՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, համատեղ են գործում: Ինձ համար կարևոր են սոցիալ-քաղաքական խնդիրները, սակայն ավելի կարևոր են Հայոց ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև անվտանգության հարցերը, իսկ այդ հարցերում մեր կուսակցությունները զիջումների չեն գնա՚,- ընդգծել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նա գտնում է, որ ՀՅԴ հետ համագործակցությունը կարող է իրական առաջընթացի հանգեցնել երկրում: ՙԽորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում այդ համագործակցությունը երկարաժամկետ կլինի՚,- հայտարարել է փոխխոսնակը:
Միաժամանակ քաղաքական գործիչն ավելացրել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության, սակայն պարտադիր չէ համաձայնագրի կամ կոալիցիայի ձևաչափով: ՙՄենք պատրաստ ենք համագործակցության օրենսդրական տարբեր նախաձեռնությունների, Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, սակայն բոլոր գործընթացների համար պատասխանատվությունը կիսում ենք միայն դաշնակցականների հետ՚,- հայտարարել է նա:
Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Քաղաքական համագործակցության արդյունքում ՀՅԴ-ին է փոխանցվել 3 նախարարի և 2 մարզպետի պաշտոն:


