
Մարտի 11-ին տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Շարմազանովն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ՀԱՊԿ դիրքորոշմանը: Նա, մասնավորապես, նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ նիստի ընթացքում հայկական կողմը կբարձրացնի արցախյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածության հարցը: ՙՄենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, և կարծում եմ, որ մեր գործընկերները կվերահաստատեն կառույցի անդամ պետությունների ղեկավարների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անայլընտրանքայնության վերաբերյալ՚,- հայտարարել է նա: ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը և Բելառուսը հիմնականում կիսում են Հայաստանի դիրքորոշումը՝ նաև փակ քննարկումների ժամանակ:
Միաժամանակ Շարմազանովը նշել է, որ ՀԱՊԿ որոշ երկրներ միջազգային հարթակներում հաճախ ՀԱՊԿ շահերին հակասող դիրքորոշում են ցուցաբերում: ՙԱյդ հարցը ևս, տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ միասին, կքննարկվի Երևանում կառույցի նիստի ժամանակ, և մենք կներկայացնենք այդ առնչությամբ մեր դիրքորոշումները՚,- նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում, Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը բխում է երկրի պետական շահերից, և այն արդարացված է:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. ՙԻհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը՚: 2016 թ. փետրվարի 12-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ կառույցի անդամ բոլոր երկրները հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: ՙՀԱՊԿ դեմ է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը՝ հատկապես ծանր սպառազինության և տեխնիկայի կիրառմամբ՚,- նշել է Բորդյուժան: