


Արմինֆո. Դատարանը բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի՝ վճռելով հրապարակայնորեն հերքել Միքայել սրբազանի պատիվն արատավորող տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդում է Միքայել արքեպիսկոպոսի պաշտպանական թիմը։
Հոգևորականի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Հովհաննավանքի նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասին զրպարտչական տեղեկություններ է տարածել: Մասնավորապես՝ այն մասին, որ բարձրաստիճան հոգևորականը խրախուսել է ահաբեկչությունը, բանտից սպառնացել Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև, որ ունի կին և դուստր:
"Հայաստանի Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը ՝ դատավոր Էմին Աբգարյանի նախագահությամբ, որոշել է պարտավորեցնել պատասխանող Ստեփան Ասատրյանին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Աջապահյանի (Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները", - ասվում է հաղորդագրությունում:
Դատարանը նաև վճռել է պատասխանող Ստեփան Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Աջապահյանի բռնագանձել 1 մլն դրամի փոխհատուցում զրպարտության դիմաց:


