
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծի նպատակն ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙՄենք պատրաստ ենք քննարկել բոլոր իրատեսական, օբյեկտիվ և առողջ առաջարկները, քանի որ ցանկանում ենք գտնել նախագծի ամենաընդունելի և կոնսենսուսային տարբերակը, որը կբարձրացնի հասարակության վստահության մակարդակը և կօգնի բացառել անցանկանալի զարգացումները հետընտրական շրջանում՚,- նշել է ԱԺ փոխնախագահը: Նա նաև ավելացրել է, որ ԸՕ նախագծով իշխանությունները երկրում ժողովրդավարությունը խորացնելու քաղաքական կամք և ցանկություն են ցույց տալիս: ՙՄեզ համար կարևոր է ընտրությունների որակը, այլ ոչ թե այն, թե որքան տոկոս կստանանք, հետևաբար՝ մենք բաց ենք ԸՕ շուրջ լայն քննարկումների և ներկայացված նախագծում հնարավոր բոլոր փոփոխությունների համար՚,- ընդգծել է հանրապետականը:
Շարմազանովն անտեղի է համարում նաև քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջները: ՙՄենք ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ ցուցակների հրապարակումն անօրինական է, հետևաբար՝ այս առնչությամբ սակարկություններն անտեղի են՚,-նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ անտեղի են նաև նախքան Վենետիկի հանձնաժողովի քննարկմանն ուղարկելը նախագծի ներքին քննարկումների անհրաժեշտության առնչությամբ խոսակցությունները:
Նշենք, որ մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ սկսվում է ակտիվ քննարկումների շրջան, որը կտևի մինչև հունիսի 1-ը, երբ, Սահմանադրությունում փոփոխությունների համաձայն, նոր ԸՕ-ն պետք է ուժի մեջ մտնի: Սպասվում է, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումն կսկսվի մարտի 14–17-ը կայանակիք հերթական քառօրյայի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծով արգելվում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը: Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, 41 ընտրատարածքի փոխարեն լինելու է 13 ընտրատարածք: Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101: Նախագծում նշվում է նաև, որ Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական փորձագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե կենսաչափական անձնագրերով և թե նույնականացման քարտերով: Համակարգը ճշտելու է, թե արդյոք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյոք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է կենսաչափական անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին: Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանինների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: