
Ադրբեջանը դառնում է կարևոր օղակ ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք առանցքների համար, քանզի հենց Բաքվի դիրքորոշումից է կախված կլինի, թե որոշ ժամանակ անց նշված առանցքներից որն իրականում կակտիվանա, իսկ որը տևականորեն կշրջափակվի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Ադրբեջանը կարևորագույն օղակ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի անվտանգության համակարգի կառուցման գործում: Եվ այդ առումով Մոսկվա-Բաքու-Թեհրան ռազմավարական առանցքի ստեղծումը չափազանց կարևոր է, առաջին հերթին, Մոսկվայի համար, որոշակի ժամանակահավածում, ցանկալի է Թեհրանի համար և, ամեն դեպքում, միանգամայն շահավետ է Բաքվի համար` առաջիկա 1,5-2 տարում», - համոզված է վերլուծաբանը:
Մելիքյանը կարծում է, որ հենց այդ 1,5-2 տարում տեղի կունենան հետագա աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Բաքվի առկայությունն այդ առանցքում` որպես հիմնական տարր, կարող է դառնալ հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար բարձր սպառնալիքի գործոն: Սակայն առաջիկա 1-2 տարում Ադրբեջանը, նրա գնահատմամբ, լիովին կարող է հասցնել որոշակի օգուտ ստանալ դրանից:
Վերլուծաբանն ընդգծում է, որ այդ առանցքում առկայությունը, սկզբունքորեն, առայժմ Բաքվից չի պահանջում հրաժարվել դեպի Թուրքիա կողմնորոշունմից և Արևելք-Արևմուտք առանցքում առկայությունից, որը կազմում են Բաքուն, Թբիլիսին և Անկարան: Սակայն, այդ դրության ողջ շահավետությամբ հանդերձ, արդեն մոտ ապագայում, այսպես թե այն պես, Բաքուն կդրվի շատ կոշտ ընտրության առջև. որ առանցքում մնալ, իսկ որում դադարեցնել իր մասնակցությունը: Մելիքյանը կարծում է, որ այդ ընտրությունը կանխորոշված է հենց աշխարհաքաղաքական գործըթնացների ընթացքով, և, ըստ էության, Ադրբեջանի համար ձեռնտու աշխարհաքաղաքական իրավիճակը միանգամայն սահմանափակ է ժամկետի առումով:
«Այլ բան է, թե ինչպես պետք է իրենց պահեն Երևանն ու Ստեփանակերտը սեփական շահերի անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար` Բաքվում և Բաքվի շուրջ տեղի ունեցողի համատեքստում: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք առկա գործընթացներից օգուտ քաղելու համար: Սակայն դրա համար ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է կարողանան դրսևորել թե քաղաքական խորաթափանցություն, թե կամք, կազմակերպելով հնամապատասխան սեփական գործողությունները և գրավելով նոր, քաղաքական առումով շահավետ դիրքեր` հաշվի առնելով գործընթացների աշխարհաքաղաքական զարգացման հեռանկարները», - ամփոփել է վերլուծաբանը: