


Արմինֆո. Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը և մեծ նշանակություն են տվել համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար համատեղ քայլերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամությունը միշտ էլ ամուր է եղել և պատրաստակամություն են հայտնել շարունակել այն ավելի խորացնելու ջանքերը:
Երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվեց, որ հետագա բարձր մակարդակի փոխայցելությունները կնպաստեն գործընկերության խորացմանը և նոր համատեղ ծրագրերի իրականացմանը։
ՀՀ վարչապետը կրկին հրավիրեց Հնդկաստանի վարչապետին այցելել Հայաստան իրեն հարմար ժամանակ և հայտնեց իր պատրաստակամությունը՝ այցելելու Հնդկաստան համապատասխան ժամանակ։
Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ Մասնավորապես, քննարկվեց TRIPP նախագծի ընթացքը։



