


Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում և այնտեղ կքննարկեն Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու Երևանի ձգտման հարցը: Ըստ ՌԲԿ-ի՝ այդ մասին հաղորդել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա ասելով՝ ռուսական կողմը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել անդամակցել ԵՄ-ին և միաժամանակ հսկայական օգուտներ ստանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցությունից:
Ուշակովը նաեւ հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահը եւ Հայաստանի վարչապետն առանձին կանդրադառնան Հայաստանի ընդդիմության առաջնորդների կալանաավորմանն առնչվող իրավիճակին, որոնք հանդես են եկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման օգտին: "Այդ զրույցը նման անսովոր, ես կասեի, ֆոնին տեղի կունենա, երբ զանգվածաբար կալանավորում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում, այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս եւ հանդես են եկել մեր երկու երկրների միջեւ ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին: Այսինքն, անկասկած, այդ թեման շոշափվելու է։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այդ գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում", - ամփոփել է Ուշակովը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ երկիրն առաջիկայում մտադիր է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել: Ընդ որում, նա համոզմունք էր հայտնել, որ հանրապետությունը ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում գտնվելու վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացնի միայն Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելուց և այդ հայտի պատասխանը ստանալուց հետո:



