
Արմինֆո. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների, որոնց նկատմամբ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հերթական դատական նիստը:
Ինչպես իր Telegram-ալիքում հաղորդել է բլոգեր Միկա Բադալյանը, բողոքի ակցիան անցկացվել է "Ամոթ հոգևորականներին հետապնդող իշխանությանը", "Ամոթ հերձվածողներին և Եկեղեցու դավաճաններին", "Եկեղեցին և ժողովուրդը միասնական են" կարգախոսների ներքո: «Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների, որոնք Հայաստանում ենթարկվում են բռնաճնշումների: Ակցիան հավաքել է հարյուրավոր մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ իրենց բողոքն են հայտնել այն գործընթացների դեմ, որոնք այժմ ընթանում են Հայաստանում, և հայտարարել, որ պատրաստ են մինչև վերջ կանգնել հանուն Հայ Առաքելական Եկեղեցու", - գրել է Բադալյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելուն առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։ Օգոստոսի 7-ին դատավոր Հակոբ Մանուկյանը, ում նախագահությամբ պետք է տեղի ունենար Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստը, ինքնաբացարկ է հայտնե: Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական գործով նախնական դատական նիստը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 16:30-ին Էջմիածնի դատարանի Վաղարշապատի նստավայրում: Նիստի ժամանակ դատավորը որոշել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: