
Արմինֆո.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 28-ին Էջմիածնի դատարանի Վաղարշապատի նստավայրում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։
Նա նշել է, որ այնտեղ պետք է որոշեն, թե արդյոք ճիշտ է գործը քննել Արմավիրի դատարանում, թե՝ ոչ։ Ի պատասխան՝ փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ իրադարձությունները տեղի են ունեցել Էջմիածնում, ինչի առնչությամբ, ըստ նրա, գործը Երևան տեղափոխելու անհրաժեշտություն չկա: Սակայն, չնայած դրան, դատավորը որոշում է կայացրել գործը վերահասցեագրել:
Մինչ այդ, նիստի ընթացքում մեղադրող կողմը միջնորդել էր նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ "անցկացվող մեդիա արշավի հետ կապված մասնավոր կյանքին սպառնացող վտանգի" պատրվակով: "Իմ նկատմամբ տեղի է ունեցել մեդիա արշավ։ Մասնավորապես, իմ հասցեին սպառնալիքներ են հնչել, այդ թվում ՝ նիստից առաջ։ Նույնիսկ, մահվան սպառնալիքներ են հնչել։ Կան այդ մասին վկայող նյութեր, որոնց կարելի է ծանոթանալ։ Ուստի, խնդրում եմ դատարանին, հաշվի առնելով այդ հանգամանքը, նիստն անցկացնել դռնփակ", - նշել է Արման Սարոյանը (նախկինում Մասիացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյան-խմբ.)։
Զոհրաբյանն, իր հերթին, դեմ է արտահայտվել այդ միջնորդությանը, դատավորի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դռնբաց նիստը մեղադրյալի շահերի պաշտպանության երաշխիքն է: "Տուժողն արդեն հրապարակավ հայտնել է իր մտավախությունները։ Եվ այս պայմաններում ես նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը քննելու անհրաժեշտություն չեմ տեսնում", - հայտարարել է փաստաբանը։
Երկու կողմերին լսելուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել միջնորդությունը և հայտարարել է, որ նիստն ընթանալու է դռնբաց:
Նշենք, որ դատարանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիները սուլել էին նիստին եկած Արման Սարոյանին՝ նրա հետևից գոռալով "ամոթ" և "դավաճան":
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այս տարվա փետրվարին Հայաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ, նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելուն առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Գործով անցնում են ևս մի քանի բարձրաստիճան հոգևորականներ։ Օգոստոսի 7-ին դատավոր Հակոբ Մանուկյանը, ում նախագահությամբ պետք է տեղի ունենար Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով առաջին նիստը, ինքնաբացարկ է հայտնե: Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական գործով նախնական դատական նիստը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 16:30-ին Էջմիածնի դատարանի Վաղարշապատի նստավայրում: