


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին:Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։
Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:
ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին», - ասվում է ուղերձում:
Նշենք, որ Հրաչյա Գասպարյանը ծնվել է 1946թ. հունվարի 13-ին Ալավերդի քաղաքում: 1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1972-1974թթ. աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1974-1992թթ. աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ՝ որպես ռեժիսոր: 1992թ.-ից Հրաչյա Գասպարյան աշխատել է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում ՝ որպես ռեժիսոր, իսկ 1993 թ․-ից' գլխավոր ռեժիսոր: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդել է 1976 թվականից: 1998թ. դարձել է Երևանի պետական ինստիտուտի պրոռեկտոր, իսկ 2006-2011թթ. եղել է նրա ռեկտորը: Ներկայացումներ է բեմադրել Օդեսայի դրամատիկական թատրոնում, Երևանի տիկնիկային թատրոնում ։



