
Արմինֆո. Իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը և տարածում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Այդ մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ .... Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:
Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է: Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:
Երկրորդ, ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից: Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:
Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ», - գրել է Արա Զոհրաբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Թախմազյանն այն հոգևորականներից է, ով միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ծավալված հակաեկեղեցական արշավին: Նա կարգաալույծ է հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին Վեհափառ հայրապետի դեկտեմբերի 2-ի հրամանագրով ։ Գործի հարուցման համար հիմք են հանդիսացել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկույցը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի, Հայր Թադեն վարկաբեկել է Հայ Եկեղեցին և հոգևորականներին, այդ թվում ՝ հրապարակային զրպարտություն տարածելու միջոցով, կատարել հակաեկեղեցական գործողություններ, ինքնակամ բաց է թողել պատարագի այն հատվածը, որտեղ հիշատակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, անհնազանդություն է ցուցաբերել եկեղեցական իշխանություններին: