
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապանդման իրականացման մասին, հետեւաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարրումը՝ այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ։
Բացի այդ, Դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ, այն ինչ վիճարկվող որոշումից հետևմ է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում Դատարանի որոշումը», - գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի առավոտյան ուժայինները Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության էին տարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: Զուգահեռաբար, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում: Այն տևել էր 7 ժամ։ Հայտնի է դարձել նաև, որ խուզարկություններ են կատարվել Ռոբերտ Քոչարյանի տանը և Քոչարյանի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններում, ինչպես նաև երկրորդ նախագահին փոխկապակցված ընկերությունների տնօրենների տներում: Մոտ երկու շաբաթ առաջ սրտի վիրահատության ենթարկված Ռոբերտ Քոչարյանի վիճակը կտրուկ վատացել է քննչական գործողությունների ընթացքում, և նրան տեղափոխել են հիվանդանոց: ՀՀ գլխավոր դատախազությունում նույն օրը հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վարույթի շրջանակներում քրեական գործեր են հարուցվել 9 անձի, այդ թվում ՝ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ավելի ուշ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդել են, որ նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այդ թվում ՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Դատարանը նրան կալանավորել է երկու ամսով։ Եվս մեկ մեղադրյալի նկատմամբ, ըստ աղբյուրի, տնային կալանք է կիրառվել։ Նաեւ հաղորդվում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, ով նույնպես անցնում է գործով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: