
Արմինֆո. Արեւմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում ՝ պահանջելով վերացնել "ռուսական գործոնը"՝ իբր, բազմամիլիոնանոց ներդրումների դիմաց։ Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ տվյալ սյուժեն ոչ վաղ անցյալում քննարկվել է օգոստոսի 6-7-ը Չոլպոն-Աթայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որտեղ այն լայնորեն մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: "Հայկական երկաթուղային ցանցի ռուսական կողմի կառավարման թեմայով խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը", - ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում:
"Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին հանձնելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը, պարզապես, շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել տրանսպորտային ոլորտում "ռուսական գործոնը", իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե տեսանելի է։ Դա միանգամայն արևմտյան մայրաքաղաքների անմաքուր խաղերի ոգով է ՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար", - նշել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում ՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Երևանը դիվանագիտական խողովակներով կապվել է Մոսկվայի հետ՝ ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցով։
ՌԴ ԱԳՆ - ում նշել են, որ "ՀԿԵ" ՓԲԸ-ն "առավելագույնս պատասխանատու կերպով է կատարում իր պարտավորությունները, զգալի ներդրումներ է կատարել ՝ ավելի քան 30 մլրդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի թարմացման գործում": "Պակաս կարևոր չէ, որ դրանց ժամանակացույցը սրբագրվել է հայկական կողմի խնդրանքով։ Հենց ռուս երկաթուղայինների իրավասություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր սկզբունքորեն թույլ են տալիս խոսակցություններ վարել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին", - հստակեցրել են գերատեսչությունում։
Այդ առնչությամբ նախարարությունում արձանագրել են իրականությանը Երեւանի այն փաստարկների բացարձակ անհամապատասխանությունը, թե "ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից": "Այդ կապակցությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով ։ Ընդ որում, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել", - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
"Իսկ ընդհանուր առմամբ, նախքան հրապարակային հայտարարություններ անելը, գործընկերները սովորաբար նստում են սեղանի շուրջ և գործնական ձևով քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները։ Հատկապես, եթե ցանկություն կա, ինչպես պնդում են Երեւանում, լուծում գտնել բարեկամական ճանապարհով", - ամփոփել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Ռուսաստանին կոչ է արել ճկունություն ցուցաբերել և հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառել երրորդ բարեկամ կողմի: Նա նաև հաղորդել է, որ 400 մլն դոլարով կոնցեսիան գնելու առաջարկ կա ։ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման դեպքում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի առաջարկն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր փետրվարի 13-ին: Այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ ռուսական կողմից Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման փաստը Հայաստանի համար մրցակցային խնդիրներ է ստեղծում, եւ շատ միջազգային գործընկերներ ցանկանում են շրջանցել Հայաստանի տարածքը՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս: Այդ առումով նա առաջարկել էր ՌԴ-ին մտածել երրորդ, բարեկամ երկրին կոնցեսիան վաճառելու մասին։ Որպես օրինակ նա առաջարկել Էր Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Քաթարը։
Ռուսաստանում անհիմն են անվանել Փաշինյանի այդ պնդումները և հայտարարել, որ մտադիր չեն վաճառել հայկական երկաթուղիների կոնցեսիան։
Հիշեցնենք, որ " ՀԿԵ " ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը "ՀԿԵ" ՓԲԸ հավատարմագրային կառավարմանը հանձնելու մասին: Պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի առաջին քսան տարիներից հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ "ՀԿԵ" ՓԲԸ խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության զարգացումը, ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար: "ՀԿԵ" ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2008թ. հունիսի 1-ից։