
Կան բոլոր հիմքերը` կարծելու, որ Բունդեսթագն առաջիկա ապրիլին կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնալ Էդուարդ Շարմազանովը` Գերմանիա իր աշխատանքային այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Փոխխոսնակն այդպիսի հետևության է հանգել Բունդեսթագի ղեկավարության հետ իր հանդիպումների և Գերմանիայի խորհրդարանում ցեղասպանության թեմայի շուրջ քննրակումների արդյունքների հիման վրա: «Բունդեսթագում քննարկումների ժամանակ հնչած ելույթներից ոչ մեկը կասկածի տակ չէր առնում Հայոց ցեղասպանության փաստը: Գերմանիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները համակարծիք են այն բանում, որ 20-րդ դարասկզբի իրադարձություններն օսմանյան Թուրքիայում եղել են հենց ցեղասպանություն, և մարդկության դեմ այդ ոճրագործությունը պետք է դատապարտվի: Բացի այդ, Բունդեսթագի ղեկավարությունն ինձ հետ հանդիպումների ժամանակ հավաստիացրել է, որ ամեն ջանքն կգործադրի ընթացիկ տարում այդ հանցագործությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման ուղղությամբ», - տեղեկացրել է Շարմազանովը, հավելելով, որ այդ ուղղությամբ շատ ջանք է գործադրել նաև Գերմանիայի հայ համայնքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագում քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ: Քննարկումը նախաձեռնել էին Ձախ սոցիալիստական կուսակցությունը և Կանաչների կուսակցությունը: Նախագիծը նախապատրաստել էր «կանաչների» առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Քննարկմանը ներկա է եղել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Տևական քննարկումից հետո որոշում է կայացվել բանաձևի նախագիծն ուղարկել լրամշակման` խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու և բոլոր խմբակցությունների անունից միասնական փաստաթղթի տեսքով ձևակերպելու նպատակով: Փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի ապրիլի 24-ին:
Հիեցնենք, որ նախորդ տարի ապրիլի 24-ին Բունդեսթագում կայացել էին քննարկումներ Հայոց ցեղասպանության շուրջ, ինչի արդյունքում որոշվել էր հետաձգել համապատասխան բանաձևի ընդունումը: Այնուհետև այդ հարցը ևս մի քանի անգամ հետաձգվել էր: Այն ժամանակ էլ քննարկմանը ներկա էին եղել կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, ով, մասնավորապես, հայտարարել էր. «Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այն ամենում, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում: Հաշտություն չի կարող լինել, քանի դեռ չի վերականգնվել արդարությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար: Օրհան Փամուկը և Հրանտ Դինքն արժանի են մեր աջակցությանը»: