
Արմինֆո. Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:
«Մասնավորապես՝
1.Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը:
2.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար:
3.Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձանց դեմ, այդ թվում ՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, գործարար Սամվել Մայրապետյանի և այլոց:
Այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացնում Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը: Դրանից հետո հայտնի դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու ՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալության մասին: Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով ՝ քրեական վարույթի շրջանակներում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և այլ դատավարական գործողություններ: Վաղ առավոտից ուժայինները ներխուժել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տուն ՝ նրան տեղափոխելով Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշենք, որ այդ ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին Լևոն Քոչարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել խորհրդարանում: Փաշինյանը հարց էր ուղղել, թե ինչպես է 10 տարվա իշխանության ղեկին Քոչարյանին հաջողվել միլիոնատեր դառնալ։ Այնուհետև վարչապետը հայտարարել էր, որ Լևոն Քոչարյանի զավակները չեն ժառանգելու նրա միլիոնները, որովհետև ապօրինի ձեռք բերած ողջ ունեցվածքը պետք է վերադարձվի, ընդ որում ՝ ամբողջ "Քոչարյան-Սարգսյան կլանից", և դրա վրա հրավիրել էր իրավապահների ուշադրությունը։ Լևոն Քոչարյանն էլ, իր հերթին, հայտարարել էր, որ ժողովրդավարական երկրում կառավարության ղեկավարն իրավունք չունի նման հայտարարություններ անել և մարդուն մեղավոր հայտարարել՝ առանց հիմքերի: