
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված իրերը չունեն ապօրինի ձեռք բերված գույքի հատկանիշներ: Այդ մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով ՝ իրավապահները 7 ժամ փնտրել են այնպիսի փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, որոնք կարող էին ինչ-որ նշանակություն ունենալ գործի համար: "Ես չեմ կարող ներկայացնել բոլոր փաստական հանգամանքները ՝ նախաքննական գաղտնիքի պատճառով, բայց ընդհանուր էությունն այն է, որ նրանք փնտրում էին մի բան, որն իր մեջ պարունակեր տեղեկություններ նախկինում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության մասին։ Մասնավորապես, այնպիսի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, սևագրեր, որոնք իրենց մեջ պարունակելու են ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն այն ամենը, ինչ հայտնաբերվել է խուզարկության շրջանակներում, իր մեջ չի պարունակում ապօրինի ձեռք բերված գույքի հատկանիշներ", - հաղորդել է փաստաբանը։
Հիմնականում, ինչպես պարզաբանել է Ալեքսանյանը, դրանք հուշանվերներ էին կամ այնպիսի իրեր, որոնք որևէ առնչություն չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ։ "Սակայն կարող է հարց առաջանալ, թե ինչու են այդ ժամանակ նրանց անհրաժեշտ եղել այդ իրերը։ Վարույթն իրականացնող մարմինը պարզաբանում է, որ իրենք մտադիր են քննություն իրականացնել և հասկանալ, թե ինչի հետ կարող են դրանք կապված լինել: Բայց ասեմ, որ խոսքն այնպիսի առարկաների մասին է, որ որևէ քննության անհհրաժեշտություն չկա", - հայտարարել է փաստաբանը։
Ալեքսանյանը, միեւնույն ժամանակ, հիշեցրել է, որ Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավոր է, հետևաբար, անհրաժեշտ է բարձրացնել հետևյալ հարցը․ արդյոք այդ խուզարկություններն օրինական են, թե՝ ոչ, և՝ ինչու: "Պատասխանն ակնհայտ է՝ դրանք անօրինական են։ Քանի որ, լինելով ԱԺ պատգամավոր, Լևոն Քոչարյանն օժտված է անձեռնմխելիության կարգավիճակով ։ Դե-յուրե Քոչարյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի, բայց դե ֆակտո նրան մեղադրյալի կարգավիճակ է ներկայացվել, քանի որ խուզարկությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների բացահայտում: Ստացվում է, որ, փաստացի, դա քրեական հետապնդում է, իսկ դա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազը պետք է մինչև խուզարկությունները ներկայանար խորհրդարան, որպեսզի դրանց համար թույլտվություն ստանար: Ընդ որում, դա միակ պատճառը չէ, որ այդ խուզարկությունները կարելի է անօրինական համարել։ Խուզարկության պահին Քոչարյանի մեկ մանկահասակ երեխան և երկու անչափահասները գտնվել են տանը", - նշել է փաստաբանը։
Իր հերթին ինքը՝ Լևոն Քոչարյանը, նշել է, որ խուզարկություններում որևէ անակնկալ չի եղել: "Սա ստոր դավաճանի սովորական գործելաոճ է։ Այդ մասին երեկ, նույնիսկ, լրատվամիջոցներն էին գրում, որ նման գործողություններ են սպասվում", - ուշադրություն է հրավիրել ընդդիմադիրը։
Ընդ որում, Քոչարյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը չի կապում բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի հետ: Քանի որ, ինչպես նշել է պատգամավորը, նման հայտարարություններ առաջին անգամ չեն հնչում։ "Այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության հետ, մասնավորապես, նրա հետ, որ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում իշխանությունների վարած քաղաքականությանը։ Բայց մենք պատրաստ ենք ամեն ինչի, սա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Եվ նման բան սպասում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն խոսել այս իշխանությունների դեմ", - ամփոփել է Քոչարյանը։
Առավոտյան հայտնի է դարձել, որ ուժայինները խուզարկությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե: Բացի այդ, օգոստոսի 25-ի վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել նաև Լևոն Քոչարյանի տանը: Դրանք տևել են 7 ժամ։ Հայտնի է դարձել նաև, որ խուզարկություններ են իրականացվում Քոչարյանի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերությունների հասցեներում: Ավելի ուշ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում հաստատել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալության փաստը: ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը հաղորդել է, որ Քոչարյանը ձերբակալվել է հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո նրան առաջադրված մեղադրանքին նման մեղադրանքով: Օրբելյանը հստակեցրել է, որ այն առնչվում է Քոչարյանի նախագահության տարիներին նրա կողմից կառավարության որոշ որոշումների վավերացմանը։ Քիչ անց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հաղորդել են, որ Ռոբերտ Քոչարյանը հոսպիտալացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի շենքից ՝ ավելի վաղ տարած վիրահատության պատճառով: Ուշագրավ է, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հրահանգել էր Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին զրկել իրենց ունեցվածքից: