


Արմինֆո. "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 22 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Արամայիս Ավետիսյանին ընտրել է հիմնադրամի գործադիր տնօրեն: Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 29 անդամներից 24-ը: Արամայիս Ավետիսյանը գործադիր տնօրենի պարտականությունները կստանձնի 2026 թվականի օգոստոսի 24-ից:
Խորհրդին ներկայացված իր տեսլականում Ավետիսյանը նախանշել է հիմնադրամի զարգացման հիմնական ուղղությունները․ կազմակերպչական կարողությունների ամրապնդում և գործառնական արդյունավետության բարձրացում, վստահության, հաշվետվողականության և թափանցիկության նոր մշակույթի ձևավորում, ինչպես նաև օպերատիվ գործունեությունից անցում դեպի երկարաժամկետ ռազմավարական պլանավորում ՝ պահպանելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը որպես Հիմնադրամի հիմնական առաքելություն: Արամայիս Ավետիսյանը տնտեսագետ է և կառավարման մասնագետ, ունի 13 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ պետական, մասնավոր և հանրային հատվածներում: Նրա մասնագիտական փորձը ներառում է կազմակերպչական կառավարում և ինստիտուցիոնալ զարգացում, ռազմավարական պլանավորում, պետական քաղաքականություն, փոխգործակցություն շահագրգիռ կողմերի հետ, միջոցների ներգրավում և հաղորդակցություն: 2022 թվականից նա զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը:



