
ԱրմԻնֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դրդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ բանտարկյալների՝ որպես մարդասիրական քայլ և Բաքվի՝ հաշտեցմանը նվիրվածության դրսևորում։ Այս մասին The Washington Times -ում հրապարակված իր հոդվածում գրում է Janus Forum-ի գործադիր տնօրեն, սյունակագիր Դարեն Սփինքը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններում վերջերս տարած հաղթանակը նոր թափ է հաղորդում Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող խաղաղ գործընթացին։ Այս արդյունքը շարունակությունն է այն ճեղքման, որին նախագահ Թրամփը հասավ անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը, երբ մերձեցրեց Հայաստանն ու Ադրբեջանը և օգնեց երկար տարիներ փակուղում հայտնված դիվանագիտական բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի բացման հիմքի։
Սյունակագիրը նշել է, որ ուշադրության կենտրոնում TRIPP շրջանակային ծրագիրն է, որը Հայաստանի տարածքով կմիացնի Ադրբեջանն իր Նախիջևանի էքսկլավին և Հայաստանը կվերածի Կասպից ծովի ու Եվրոպայի միջև դարպասի։ Հայաստանի համար դա դեպի ծով ելք չունենալը կվերածի տնտեսական ակտիվի՝ ներգրավելով ներդրումներ և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Սա նաև կօգնի պահպանել խաղաղությունը՝ Հայաստանի հարևաններին տալով գործնական շահագրգռվածություն այն երթուղիների նկատմամբ, որոնք մնում են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ TRIPP համաձայնագիրը կամրապնդի Ամերիկայի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց զորքեր տեղակայելու կամ անսահմանափակ օգնություն տրամադրելու անհրաժեշտության։ Այն նաև առևտրային հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար, քանի որ նոր տրանսպորտային կապեր կկառուցվեն Հարավային Կովկասի տարածքով։ Այս առավելությունները էական են և արժանի են աջակցության։
Սակայն, ինչպես կարծում է Դարեն Սփինքը, կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն քարտեզների և առևտրային ուղիների վրա։ Թրամփի կովկասյան համաձայնության ամենակարևոր փորձություններից մեկը հարցն է, թե արդյոք այն կկարողանա ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Ադրբեջանում դեռևս պահվող 19 հայ բանտարկյալների վերադարձը։ Նրանց ազատ արձակումը ցույց կտար, որ համաձայնագիրը գնահատում է ոչ միայն առևտուրը, այլև մարդկանց։ Շատ հայերի համար Ադրբեջանում մինչ օրս պահվող բանտարկյալները շարունակում են մնալ ամենավառ վկայությունն այն բանի, որ պատերազմը դեռ ամբողջությամբ չի ավարտվել։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր երկրին հաշտվել Ադրբեջանի հետ՝ միաժամանակ մերձենալով ԱՄՆ-ին և Եվրոպային։ Սա քաղաքական խիզախություն էր պահանջում։
"Անցյալ տարի Վաշինգտոնի համաձայնության ձեռքբերումից ի վեր Բաքուն համաձայնել է սահմանների դելիմիտացիային, հրաժարվել է Հայաստանի նկատմամբ ապագա տարածքային պահանջներից և համաձայնել է կարգավորել Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունները խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Սակայն 19 բանտարկյալների ազատ արձակումը նաև կնպաստի Հայաստանի կողմից համաձայնագրի աջակցությանը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ միաժամանակ ցույց տալով, որ հարավկովկասյան նոր մոդելը հիմնված է ինչպես մարդկային արժանապատվության, այնպես էլ տնտեսական հնարավորությունների վրա։ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածաշրջանը, որտեղ հիմնականում հայ բնակչություն էր ապրում, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմների կենտրոնում հայտնվեց։ 2023 թվականին Ադրբեջանը ռազմական գործողությունից հետո վերականգնեց վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, և գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը փախավ։ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդներին և այլ հայերի։ Նրանցից ոմանք երկարատև ազատազրկման դատապարտվեցին իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատության արժանացած դատավարություններից հետո։ Ադրբեջանը պնդում է, որ ձերբակալվածները ծանր հանցագործություններ են կատարել, իսկ Հայաստանը նրանց դիտարկում է որպես քաղաքական բանտարկյալների, որոնց հետագա պահումը ստվեր է գցում ցանկացած խաղաղության համաձայնագրի վրա։ Պարոն Թրամփին անհրաժեշտ չէ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ յուրաքանչյուր վեճի՝ բանտարկյալների խնդիրը լուծելու համար։ Նա կարող է աջակցել խաղաղության համաձայնագրին՝ միաժամանակ ձգտելով նրանց ազատ արձակմանը։ Հայերի համար ոչ մի համաձայնագիր ավարտված չի համարվի, քանի դեռ նրանց ընտանիքները շարունակում են սպասել բանտարկյալների վերադարձին։ Միջանկյալ ընտրությունների նախաշեմին Ամերիկայի հայկական համայնքը, որը, ըստ գնահատականների, ավելի քան մեկ միլիոն մարդ է հաշվվում, ուշադիր հետևում է, թե արդյոք Վաշինգտոնը լսել է իրենց երկարամյա մտահոգությունները։ Ամերիկայի դաշնակիցներն ու եվրոպական գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան, նույնպես բարձրացրել են այս հարցը և պահանջել բանտարկյալների ազատ արձակումը։ Եվրոպացի բարձրաստիճան խորհրդարանականները հայտարարել են, որ ազատ արձակումը կլիներ բարի կամքի ժեստ՝ ի աջակցություն կայուն խաղաղության։ Պարոն Թրամփն իր հեղինակությունը ներդրել է այս խաղաղ գործընթացում, ինչը նրան ազդեցության լծակներ է տալիս։ Նա պետք է դրդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ բանտարկյալների՝ որպես մարդասիրական քայլ և Բաքվի՝ հաշտեցմանը նվիրվածության դրսևորում։ TRIPP համաձայնագիրը կարող է Հարավային Կովկասի համար նոր առևտրային ուղիներ բացել, իսկ բանտարկյալների ազատ արձակումը համաձայնագրին մարդասիրական հիմք կտա։ Եթե նախագահ Թրամփը կարողանա օգնել հասնել և՛ մեկին, և՛ մյուսին, նա կամրապնդի Կովկասի վերաբերյալ իր գործարքի երկարաժամկետ ազդեցությունը", - ասվում է հոդվածում։