
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ իր հայտարարության մեջ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին ՙանպատասխանատվության, երեսպաշտության և երկերեսանիության՚ մեջ:
ՙՂարաբաղյան հակամարտության միակ լուծումը Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Հարցը կլուծվի կամ Հայաստանի կողմից միջազգային նորմերի և սկզբունքների պահպանման պայմանով կամ մեր զինված ուժերը պետք է օկուպանտներին վռնդեն մեր հողերից, վերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՚,- ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ: Նշենք, որ մարտի 1-ին ՀՀ ԳԱԱ-ում, պատասխանելով գիտնականներից մեկի այն հարցին, թե որքանով է հավանական ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համապատասխան աշխատանք է տանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
ՙՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջոցների հիմքում քաղաքական երկխոսությունն է, վստահության մթնոլորտի ձևավորումը: Սակայն, մեր հակառակորդը կառուցողական մոտեցում չի ցուցաբերում այդ ուղղությամբ, մասնավորապես՝ տարբեր սադրանքներ և դիվերսիաներ իրականացնելով առաջնագծում և հրաժարվելով սահմանային միջադեպերի հետաքննման միջազգային մեխանիզմների իրականացումից՚,- նշել է Օհանյանը: Նրա խոսքով, նման մեթոդներով Բաքուն ամենից առաջ փորձում է քաղաքական շահաբաժիններ քաղել երկրի ներսում, ինչպես նաև ստիպել միջազգային հանրությանը և հայկական կողմին միակողմանի զիջումների գնալ: Օհանյանն ընդգծել է նաև, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը: