


Արմինֆո.Եվրոպայի խորհրդին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության նախադրյալն այն էր, որ այդ երկրները Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծեին բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Անկախ այն բանից, թե Արցախի նկատմամբ վարչական վերահսկողությունը Հայաստանի կամ Ադրբեջանի ձեռքում է, Արցախը միշտ եղել է Եվրոպայի խորհրդի տարածք: Այդ մասին օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի տարածքում ՝ հրահրված պատերազմը, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը և բռնի տեղահանումը, պետք է դիտարկել բացառապես մեկ հարթության մեջ․ արդյոք դա համապատասխանում է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը, թե՝ ոչ:
Նա հարց է տվել, թե ինչ ջանքեր է գործադրել հայկական կողմը ադրբեջանական այդ հանցագործությանը պատասխանելու համար՝ եվրոպական արժեհամակարգի տեսանկյունից: Ղազարյանի խոսքով ՝ Հայաստանը մշտապես համագործակցել է Եվրոպական միության հետ ։ Չի եղել որևէ ծրագիր, որը ԵՄ-ն առաջարկեր Հայաստանին, և Հայաստանը մերժեր այն կամ վերապահումներ ունենար։ Այդ համագործակցությունն ամենաբարձր մակարդակով ամրագրված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։
"Իսկ այժմ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների արդյունքը դարձել է վիզաների տրամադրման մերժումների թվի ավելացումը, հերթերի աճը, գանձումների ավելացումը և եվրոպական երկրներից Հայաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը։ Այսպե՞ս եք դուք ցանկանում մեզ ներկայացնել ձեր, իբր, եվրոպական ինտեգրումը: Ոչ մի ինտեգրում գոյություն չունի", - նշել Է ընդդիմադիրը։



