
«Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ գործունեության տասը տարիներն ինքնին ձեռքբերում են, սակայն, միևնույն ժամանակ և մեծ պատասխանատվություն: Այս վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքները, խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված են: Այսօր աշխարհը հայտնվել է աննախադեպ սպառնալիքների առջև», - հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին իր ելույթում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամւոլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Է.Նալբանդյանը նշել է, որ մենք բախվում ենք ատելության, այլատյացության և ռասայական խտրականության աճի, բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ լրջորեն վտանգված է մարդու կյանքի իրավունքը, քանզի պատերազմները և զանգվածային բռնությունները շարունակում են հազարավոր անմեղ մարդկային կյանքեր խլել ամբողջ աշխարհում:
«Հայաստանը դատապարտում է իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում, «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսությունները, մարդկության դեմ հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների գոյության համար, այդ թվում` հայերի, ովքեր դարեր շարունակ եղել են Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության բաղադրիչը», - ասել է արտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ հակամարտության հետևանքով շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում. մեր երկիրը դարձել է բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունող ամենամեծ երրորդ պետությունը Եվրոպայում: «Մենք ողջունում ենք սիրիացի փախստականներին ընդունելու ուղիների շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ բարձր մակարդակով հանդիպում գումարելու նախաձեռնությունը, որը տեղի կունենա մարտ ամսվա վերջին Ժնևում», - ասել է նա:
Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ իր գոյության տասը տարիների ընթացքում Մարդու իրավունքների խորհուրդն առանցքային դեր է խաղացել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: «Միջազգային հանրությունում առկա է ամրապնդվող միակարծություն, որ կանխարգելումը կլինի արդյունավետ, եթե այն ուղեկցվի անպատժելիության, իրագործված ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարով: Հայաստանը շարունակաբար աշխատում է ցեղասպանության կանխարգելման հայեցակարգի համալրման վրա և պարբերաբար Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացնում համապատասխան բանաձևեր: Նախորդ տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն պետություններին, որոնք մեզ հետ միասին համահեղինակեցին բանաձևը և աջակցեցին նրա ընդունմանը: Ի շարունակություն այդ նախաձեռնության՝ Հայաստանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ներկայացրեց բանաձև` դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին», - հայտարարել է նա:
Հայաստանի
արտգործնախարարը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային դաշնագրերի ընդունման 50-ամյակը: «Զույգ դաշնագրերի առաջին հոդվածում նշված է. «Բոլոր ժողովուրդներն
ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց
քաղաքական կարգավիճակը և ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային
զարգացումը»: Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտարկում է ժողովուրդների
իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ որպես այդ կազմակերպության նպատակ:
Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների
մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս
իրավունքի ազատ և լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք
դառնում է անհասանելի, իսկ տևական խաղաղությունը՝ վտանգված: Մենք համամիտ ենք
ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսևորում
է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային
կարգ հաստատելու գործում», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ համաձայն Ժնևյան
կոնվենցիաների, որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել
հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: «Հայաստանը խստորեն դատապարտում է
հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված
ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների
շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական
իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային
կառույցների անհապաղ արձագանքը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորություններին և մարդու
իրավունքների պաշտպանության օրակարգում տեղի ունեցած նոր զարգացումներին` արտգործնախարարը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակում է իր
ջանքերը՝ ուղղված ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու
իրավունքների պաշտպանությանը և խթանմանը՝ շարունակելով համապատասխան միջազգային
կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: «Մենք ակտիվորեն աշխատում ենք
ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր մեխանիզմների հետ, ներառյալ՝
հատուկ ընթացակարգերը և պայմանագրային մարմինները: Նախորդ դեկտեմբերին Հայաստանում
անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում հավանության են արժանացել ՀՀ
սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի
կողմից բնութագրվել են որպես «չափազանց բարձր մակարդակի» և «միջազգային չափանիշներին
համապատասխան»: Դա հերթական կարևոր քայլն էր նաև վերը հիշատակված նպատակների
իրականացման ուղղությամբ:
2015թ. Հայաստանն անցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման երկրորդ փուլը:
Նախորդ տարվա նոյեմբերին կայացել է կառավարություն-քաղաքացիական հասարակություն
երկխոսությունը, որի ընթացքում քննարկվել է Համընդհանուր պարբերական դիտարկման
շրջանակներում արված առաջարկությունների իրականացման գործընթացը: Հայաստանի
կառավարությունը ներկայացնելու է արձանագրված առաջընթացի վերաբերյալ: ՀՊԴ-ից և ՄԱԿ
մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բխող առաջարկությունների հաջող
իրականացումն առավել ամրապնդելու է Հայաստանի վարկանիշը մարդու իրավունքների
ոլորտում և նպաստելու օրենքի
գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: