
Արմինֆո.ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին վաղը գալ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ և միանալ ակցիային՝ ի պաշտպանություն "Մայր Հայաստան" կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների:
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13-ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։
Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։
Կոչս է, որ հանրային և մշակութային գործիչները, և առհասարակ, այն մարդիկ, որոնք ունեն լսարան, իրենց հարթակներում բարձրաձայնեն այս անչափ կարևոր խնդրի մասին։ Ոչ ոք ապահովագրված չէ․ եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում։ Ուստի, կոչս և հորդորս է, որ ներկա լինեք ինչպես վաղվա, այնպես էլ հետագա ակցիաներին։ Քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելը, նրանց ընտանիքների կողքին կանգնելը բոլորիս պարտքն է», - գրել է Դանիելյանը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստի առթիվ: Թևանյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը 622 հազար դոլարի դիմաց օտար պետությանը փոխանցելու համար: Իսկ մայիսի 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է երկամսյա կալանքի: Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով, այդ օրերին իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով: Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, և, հետևաբար, Քննչական կոմիտեի նման պնդումներն իրենց տակ հող չունեն։ Իսկ արդեն հուլիսի 9-ին ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել է "Մայր Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Քննչական կոմիտեի վարկածով ՝ վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ ձերբակալվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ:
Թևանյանի և Մանուկյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն օգոստոսի 18-ին ավարտվել է, գործը կուղարկվի դատարան: