


Մերձարևելյան և ռուս-թուրքական ճգնաժամերը միայն արագացրեցին Հայաստանում ռուսական ռազմական ներկայության արդիականացումը՝ զուգահեռաբար ամրապնդելով պաշտպանական ոլորտում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՙՌուս-թուրքական հարաբերություններում լարվածության սրացումն ստիպեց մի շարք փորձագետների պաշտպանական ոլորտում ՌԴ-ՀՀ համագործակցության ակտիվացումը Թուրքիայի դեմ ուղղված քայլ համարել: Իրականում ռազմաքաղաքական քայլերը նախատեսված էին զգալիորեն ավելի վաղ: Եվ միայն Ռուսաստանի և Թուրքիայի ֆորս-մաժորային ուժային բախումը կարող է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ծանրակշիռ ուժեղացման պատճառ դառնալ՚,- համոզված է փորձագետը:
Մինասյանը համոզված է, որ Երևանին հնարավոր չէ կասկածել Թուրքիայի հանդեպ համակրանքների հարցում, առավել ևս Ռուսաստանի հետ վերջինիս դիմակայությունում՝ հաշվի առնելով, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունն արդեն անմիջականորեն անդրադարձել է Հայաստանի վրա: Դա արտահայտվեց 2015 թ. հոկտեմբերի սկզբին Սիրիայի հյուսիսում ռուսական կործանիչների թռիչքներին Անկարայի նյարդային արձագանքով՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից ռուս սահմանապահների կողմից պաշտպանվող Հայաստանի սահմանների ՙպատահական՚ խախտումների տեսքով:
Ավելին, ըստ նրա, դեռ մինչև թուրքերի կողմից ռուսական Սու-24-ի ոչնչացումը՝ Հայաստանը հայտնվել էր ռուս-թուրքական դիմակայության ուղեծրում: Չէ որ տարածաշրջանային մասշտաբով Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ անդամ: Ըստ որում՝ դաշնակից, որի տարածքում տեղակայված է սիրական հակամարտության գոտուն մոտ գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը՝ ՄիԳ-29 կործանիչների էսկադրիլիա պարունակող ավիացիոն բաղադրիչով:


