


ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտությունների, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջև։
Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 17-ին Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի՝ ՀՀ նախարարություն կատարած այցի ժամանակ։
Ինչպես իր Ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը, հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման համար՝ նախատեսելով համատեղ հետազոտությունների, զարգացման և նորարարական ծրագրերի իրականացում, պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ստարտափների և ինկուբատորների զարգացում, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների հմտությունների և փորձի փոխանակման ծրագրեր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արամ Ջիվանյանը և Ռաջեշ Կումար Սինգհը։
Թադևոսյանը նաև հայտնել է, որ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգհի հետ քննարկել է ՀՀ-ի և Հնդկաստանի միջև պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ շեշտը դնելով հետազոտությունների, զարգացման և նորարարության վրա։ «Մենք ընդգծեցինք ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և հայկական ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը», - հավելեց նա։



