


Արմինֆո. Օգոստոսի 17-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
Լիլիթ Մակունցը ողջունել է առաքելության մեկնարկը և ընդգծել ԵՄ աջակցության կարևորությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմադրողականության ամրապնդման գործում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են առաքելության մանդատի շրջանակներում համագործակցության առաջնահերթությունները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և առաքելության մանդատում նշված ոլորտներում կարողությունների զարգացման կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման և արդյունավետ համակարգման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելությունը (EUPM Armenia), որը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի հուլիսի 13-ին՝ կառավարության խնդրանքով, քաղաքացիական խորհրդատվական կառույց է՝ երկու տարվա մանդատով: Առաքելությունը գլխավորում է ռումինացի դիվանագետ Կոսմին Ջորջե Դինեսկուն։ Նպատակներն են՝ բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ճգնաժամերի կառավարման ոլորտում, օգնել կիբեռհարձակումների և թվային ռիսկերի դեմ պայքարում, պայքարել անօրինական ֆինանսական հոսքերի դեմ, ինչպես նաև հակազդել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտությանը։



