


Արմինֆո. Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ։ Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։
Քաղաքապետարանը հաղորդում է, որ երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները։
"Կամրջի հիմնանորոգման շրջանակներում կատարված բոլոր աշխատանքների գլխավոր նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն է և քաղաքացիների համար ավելի անվտանգ ու հարմարավետ պայմանների ապահովումը", - ասվում է աղբյուրում:



